National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.12.2017
«Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար հանդես գալ ընդդեմ թուրքական ժխտողականության». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախությունն աշխարհում առաջինը ճանաչելու փաստը: Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նրանք երախտագիտություն են հայտնել լիտվացի խորհրդարանականներին` Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Կողմերը կարեւորել են հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների առավել ակտիվ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին. կողմերը կարեւորել են հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, սեղմ ժամկետում, առանց ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ հավելել, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի:

«Լիտվան այն երկրների թվին է պատկանում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մերձբալթյան մյուս երկրների խորհրդարանները կհետեւեն Լիտվայի օրինակին: Ափսոսանքով նշեմ, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները ժխտողական քաղաքականություն են վարում: Ժխտողականությունը գրեթե հավասարազոր է ցեղասպանություն գործելուն: Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել ցեղասպանությունների դատապարտման, ինչպես նաեւ թուրքական ժխտողականության դեմ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 2018 թվականին հրավիրել է Հայաստան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am